«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժության կարևորագույն բաղադրիչներից է «ընտանեկան դպրոց-պարտեզ» գաղափարը, որտեղ ծնողը ոչ թե դիտորդ է, այլ կրթական գործընթացի անմիջական մասնակից և համահեղինակ։ Տարատարիք խմբում իրականացված «Իմ խաղաստեղծ հայրիկը» նախագիծը դարձավ այդ համագործակցության վառ օրինակը՝ միավորելով ստեղծագործական միտքը, աշխատանքային հմտությունները և ընտանեկան ջերմությունը։
Նախագիծը մեկնարկեց պարզ առաջարկով՝ հայրիկներին ներգրավել զարգացնող խաղերի ստեղծման գործընթացում։ Խնդիրը ոչ թե պատրաստի խաղալիք գնելն էր, այլ «սովորող-սովորեցնող» սկզբունքով, երեխայի հետ միասին, ձեռքի տակ եղած նյութերից նոր արժեք ստեղծելը։ Նախագծի հիմքում ընկած էր էկոլոգիական դաստիարակությունը (թափոնների վերածումը խաղի) և ինժեներական մտքի զարգացումը։
Նախագծի իրականացման առաջին և ամենակարևոր փուլը նախապատրաստական աշխատանքն էր ծնողական համայնքի հետ։ Մեզ համար սկզբունքային էր, որպեսզի այս նախաձեռնությունը չընկալվեր որպես «տնային հանձնարարություն», այլ դառնար ընտանիք-պարտեզ համագործակցության կենդանի օրինակ։
Համագործակցային այս մթնոլորտը շատ արագ տվեց իր պտուղները։ Հաշված օրերի ընթացքում մեր մեդիահարթակները ողողվեցին ստեղծագործական աշխատանքի ընթացքը պատկերող տեսանյութերով։
Տպավորիչ էր տեսնել, թե ինչպես են հայրիկները ցուցաբերում ոչ ստանդարտ, հեղինակային մոտեցում։ Նրանք գերազանցեցին մեր բոլոր սպասելիքները՝ գործին մոտենալով ոչ թե «պատրաստելու պարտադրանքով», այլ «արարելու հաճույքով»։
Նախագիծը նպատակ ուներ լուծելու մի քանի կարևոր մանկավարժական և սոցիալ-հոգեբանական խնդիրներ.
- Ընտանիք-պարտեզ կապի ամրապնդում. Ներգրավել հատկապես հայրիկներին, ովքեր հաճախ, աշխատանքային զբաղվածության պատճառով, ավելի պասիվ դերում են լինում կրթական առօրյայում։
- Սովորող-սովորեցնող համակարգ. Երեխան դառնում է հայրիկի օգնականը, գործընկերը՝ սովորելով նրանից աշխատանքային հմտություններ։
- Էկոլոգիական դաստիարակություն և ստեղծագործական միտք. «Ոչնչից խաղ ստեղծելու» արվեստը՝ վերամշակելով տանը եղած իրերը (ստվարաթուղթ, խցաններ, տախտակներ)։
- Ստեղծել խաղեր, որոնք հետաքրքիր կլինեն և՛ 2, և՛ 5 տարեկանին՝ ապահովելով զարգացման տարբեր մակարդակներ։
Նախագծի հաջողության գրավականը գործընթացային մոտեցումն էր։ Մեզ համար կարևոր էր ոչ միայն վերջնական արդյունքը՝ խաղը, այլև այն ժամանակահատվածը, որը հայրն ու զավակը անցկացրել են միասին։
Երբ հայրիկը նստում է, գծագրում, կտրում և սոսնձում, երեխան սովորում է համբերություն, պլանավորում, անվտանգության կանոններ և, ամենակարևորը, զգում է իր կարևորությունը։
Ցուցադրության ներկայացված աշխատանքները աչքի ընկան իրենց բազմազանությամբ և զարգացնող նշանակությամբ․
Արիայի ու իր հայրիկի խաղը հիշեցնում էր փոքրիկ ինժեներական նախագիծ։ Թեպետ ամբողջությամբ պատրաստված էր ստվարաթղթից, այն ուներ բազմաշերտ կառուցվածք՝ շարժվող հատվածներով, բացվող ու փակվող դռներով, ոլորելու ու դասավորելու հնարավորություններով։ Ամեն դետալ մտածված էր, նպատակային և իր տեղում։
Դանիելի ու իր հայրիկի պատրաստած խաղը ուներ ավելի զգացմունքային բնույթ։ Նրանք պատրաստել էին հույզերի ճանաչման խաղ՝ ընդամենը թուղթ, ստվարաթուղթ, տաք սոսինձ և մարկեր օգտագործելով։ Խաղի նպատակը պարզ, բայց չափազանց արժեքավոր էր՝ օգնել երեխային ճանաչել հույզերը, տարբերել դեմքի արտահայտությունները, հասկանալ մարմնի լեզուն և խոսել սեփական զգացմունքների մասին։
«Շատ սոված թրթուրը» դարձավ մեր ցուցադրության ամենազվարճալի խաղերից մեկը։ Անահիտն ու հայրիկը նաև եղբայր Արամը ձեռքների տակ եղած իրերով պատրաստել էին շատ հավես խաղ, որտեղ ձեռքերի ճիշտ շարժումնեդով կերակրում են թրթուրին և մրջյունին։
Շատ հետաքրքի էին մեր հայրիկների պատրաստած «Զարգացնող տախտակները»՝ «busy board»-երը, որոնք երեխաներին տալիս են փորձելու, շոշափելու, բացելու-փակելու, ուսումնասիրելու հնարավորություն։ Եվ ամենահետաքրքիրը՝ նրանք այդ զարգացնող տախտակները պատրխստել էին պարզապես տանը եղած իրերից․ տարբեր չափերի բանալիներ և կողպեքներ, հոսանքի անջատիչներ, գոտիների փականներ, փոքրիկ սողնակներ, պտտվող աթոռի ոտք, ներարկիչներ…
Արամի հայրիկը պատմեց, թե ինչպես են փորձարկել յուրաքանչյուր մանրուք՝ մտածելով, թե ինչն է ամենահարմարը, անվտանգը և հետաքրքիրը երեխաների համար։
Մեր խաղերից յուրաքանչյուրն արժանի է բարձր գնահատանքի։ Անխոս դրանք բոլորն էլ կլինեն մեր սաների սիրելի խաղերի շարքում՝
Կցանկանայի հատուկ անդրադառնալ Դավիթի և նրա զինվորական պապիկի համատեղ աշխատանքին։ Հանձնարարությունը ստանալուն պես՝ հենց առաջին իսկ օրը, զինվորական կարգապահությանը բնորոշ պատասխանատվությամբ նրանք արդեն պատրաստել էին գեղեցիկ մազակալներ մեր խմբի բոլոր աղջիկների համար։ Ամեն մազակալ մանրակրկիտ ձևավորված էր, սիրով և հոգատարությամբ։
«Իմ խաղաստեղծ հայրիկը» նախագիծը փաստեց, որ մանկապարտեզների և ընտանիքի համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն ծնողական ժողովներով։
Երբ ծնողը մտնում է կրթական ծրագրի մեջ իր ներուժով, արդյունքում շահում է երեխան։ Խաղերը, որոնք հիմա մեր խմբասենյակում են, ունեն այլ արժեք և նշանակություն. դրանք սիրված են, խնամքով պահվող, և պատմություն ունեցող։
Սաների հպարտ հայացքները, երբ նրանք ընկերներին ցույց են տալիս «հայրիկի սարքածը», վկայում են այն մասին, որ մենք կարողացել ենք ստեղծել վստահության և սիրո կամուրջ։ Սա հեղինակային մանկավարժության հաղթանակն է, որտեղ կրթությունը կյանքի անբաժան մասն է, իսկ ծնողը՝ գործընկեր, ինչպես նաև ծրագրի կրող ու տարածող։
«Իմ խաղաստեղծ հայրիկը» նախագիծը շարունակելի է։